Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Եվրոպան ավելի միասնական կլինի և սերտորեն համակարգված կլինի Միացյալ Նահանգների հետ, սակայն հիասթափված է, որ մի շարք երկրներ շարունակում են ռուսական նավթ գնել՝ այդպիսով ֆինանսավորելով «Պուտինի ռազմական մեքենան»։
Իտալիայում տնտեսական համաժողովում ելույթ ունենալով՝ Զելենսկին ընդգծել է.
«Ռուսաստանից էներգետիկ անկախությունը Եվրոպայի անվտանգության հարց է և Միացյալ Նահանգների հետ ամուր հարաբերությունների բանալին»։
Ուկրաինայի պետության ղեկավարը նաև նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ավելի շատ ՀՕՊ համակարգեր և ժամանակակից կործանիչներ, քանի որ «Ռուսաստանի պատերազմի հիմնական գործիքը խաղաղ բնակիչների սպանությունն է»։ Նրա խոսքով՝ Մոսկվայի նման հարվածներ հասցնելու կարողությունների սահմանափակումը կմոտեցնի խաղաղությանը։
Բացի այդ, Զելենսկին ասել է, որ Թրամփը հաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը մասնակցելու Ուկրաինայի համար նոր անվտանգության երաշխիքներին։




























