«Ռոսնանո» կորպորացիայի ղեկավար Անատոլի Չուբայսը հաստատել է, որ ամուսնացել է հեռուստահաղորդավարուհի Ավդոտյա Սմիրնովայի հետ: «Կենդանի Մատյանի» իր էջում նա գրել է, թե մեծ արարողություն չի կազմակերպել եւ ամեն ինչ նշել են երկուսով:

Նշենք, որ հունվարի 18-ին տեղեկություններ էին տարածվել ամուսնության մասին: Սկզբնապես Չուբայսն ու Սմիրնովան չէին մեկնաբանում տեղեկությունները, սակայն այսօր Չուբայսը հաստատել է ամուսնության փաստը:

Չուբայսի համար այս ամուսնությունը երրորդն է:

Չուբայսի եւ Սմիրնովայի ծանոթությունը կայացել է դեռ 90-ականների սկզբին, մասնագիտական հողի վրա: Նրանք սկսել են շփվել եւ երկար ժամանակ բարեկամներ էին, ինչը վերջին հաշվով վերաճել է ամուսնության: Ավդոտյա Սմիրնովան իր ընտրյալից փոքր է 14 տարով: