Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումն ու դրանից բխող փոխհատուցումները պետք է լինեն մարդկանց իմաստության, այլ ոչ արտաքին պարտադրման միջոցով: Այդ մասին հայտարարել է սենատոր Նատալի Գուլեն` Ցենտրիստական եւ հանրապետական միությունից, Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկմանը:
Նրա խոսքով, 1915թ. տուժած հայերը կարեկցանքի իրավունք ունեն. «Ես ողջունում եմ Օրենքների հանձնաժողովի դիրքորոշումը: Ցեղասպանության հասկացությունն իմ մոտ սարսափ է առաջացնում: Թուրքիայի կողմից դրա ճանաչումը ու դրանից բխող փոխհատուցումները պետք է լինեն մարդկանց իմաստության, այլ ոչ արտաքին պարտադրման միջոցով: Ընդունելով այս տեքստը` մենք կատարում ենք նախագահի խոստումը հայերին թուրքերի դեմ, այսօրվա հայերի` ընդդեմ անցյալի թուրքերի: Բայց այն վերաբերում է այսօրվա Թուրքիային` ՆԱՏՕ-ի գծով դաշնակցին»:
Սենատոր Բեռնար Պիրասի խոսքով, օրենքը մեմորիալ չէ. «Ֆրանս-թուրքական հարաբերությունները չեն կարող հիմնվել տաբուի վրա: Չմոռանանք նաեւ քրեական պատժի կանխիչ նպատակի մասին: Ինչու Ֆրանսիան չքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը, եթե մենք արդեն քրեականացրել ենք Հոլոքոսթը: Որեւէ օբյեկտիվ պատճառ չկա, որ օրենքը չքվեարկվի»,- ասել է սենատորը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի Սենատը սկսել է Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը:
Ըստ օրակարգի, ընդհանուր քննարկմանը ելույթ են ունենալու առաջին հերթին Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլլյեն եւ Սահմանադրական օրենքների հանձնաժողովի զեկուցող Ժան Պիեռ-Սյուեռը: Նրանցից հետո ելույթ կունենան 13 սենատոր` Իզաբել Պասկեն, Ժակ Մեզարը, Ռոժե Կարուչին, Էստեր Բենբասսան, Էրվե Մարսելը, Ֆիլիպ Կալտենբախը, Լյուկ Կարվունին, Բրյունո Ժիլը, Ժան-Վենսան Պլասեն, Նատալի Գուլեն, Բեռնար Պիրան, Ժան-Ֆրանսուա Յումբերը եւ Ամբրուազ Դյուպոնը:
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի հեղինակը իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայեն է: Օրենքը խախտողներին սպառնում է 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում: Նախնական գնահատականներով, օրինագիծը կընդունվի նաեւ Սենատում:




























