Շիրակի մարզում, այսօր` հունվարի 23-ի վաղ առավոտից ձյուն է տեղում: Ձյան տեղումներն առատ են հատկապես Աշոցքի եւ Ամասիայի շրջաններում: Ձյան շերտի հաստությունը տեղ-տեղ հասնում է մինչեւ 7-8 սմ-ի, սակայն Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին վստահեցրել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պատասխանատու Խաչատուր Խնձրցյանը:
«Ճանապարհները բաց են, բայց` դժվարանցանելի: Բոլոր ճանապարհները մշակվում են աղավազային խառնուրդով, աշխատում են ճանապարհային շինարարները, որպեսզի երթեւեկելի պահեն ճանապարհները մարզում»,-վստահեցրել է Խաչատուր Խնձրցյանը: Մասնագետները խորհուրդ են տալիս երկար ճանապարհ գնալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ անպայման օգտագործել ձմեռային անվադողեր:
Գյումրիում եւս տեղումներն առատ են: Կենտրոնական փողոցներում սառույցի հաստ շերտ է, դրանց վրա տեղացած նոր ձյունն ավելի դժվարանցանելի է դարձնում երթեւեկությունը ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտնի համար:




























