Անցած տարի սպանված Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմակիցներն իրենց հսկողության տակ են առել երկրի արեւմուտքում գտնվող Բենի Վալիդ քաղաքը: Այդ մասին հայտնում են տեղի իշխանության ներկայացուցիչները:

Հունվարի 23-ին Բենի Վալիդում Քադաֆիի տապալված ռեժիմի հակառակորդների եւ  կողմնակիցների միջեւ բախումներ են բռնկվել, ինչի արդյունքում զոհվել է չորս  եւ վիրավորվել է 20 մարդ:

Ավելի ուշ շրջանառվեց տեղեկատվություն, որ տապալված ռեժիմի կողմնակիցները վերահսկում են քաղաքի կարեւոր հատվածը, այդ թվում նրա կենտրոնը: Տեղական իշխանությունների տվյալներով` նրանք այնտեղ բարձրացրել են «կանաչ դրոշ»` Քադաֆիի օրոք պետական դրոշը, հայտնում է AFP-ը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին զանգվածային ցույցեր իշխանությունների դեմ, որոնք վերածվեցին հակամարտության: 2011թվականի մարտի 17-ին Անվտանգության խորհուրդը արտոնեց ռազմական միջամտությունը Լիբիայում: Դա հնարավորություն ընձեռեց ՆԱՏՕ-ին օդային գործողություններ իրականացնել 40 տարուց ավելին գործող ռեժիմի դեմ, ինչի արդյունքում Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին սպանվեց: ՆԱՏՕ-ի գործողություններն ավարտվեցին հոկտեմբերի 31-ին: Լիբիայում այս պահին իշխանությունը գտնվում է Անցումային ազգային խորհրդի ձեռքում: