Գերմանիան պատրաստվում է պատերազմի, որին, ինչպես հուսով է, երբեք չի մասնակցի, գրում է The Washington Post-ը։
«Ռուսական ագրեսիայի ֆոնին Գերմանիայի կառավարությունը պարտավորվել է մինչև 2029 թվականը երկիրը բերել մարտական պատրաստության վիճակի։ Ըստ պաշտոնյաների, այդ ժամանակ Ռուսաստանը կարող է պատրաստ լինել հարված հասցնել ՆԱՏՕ-ի անդամ պետության։ Առաջին քայլը եղել է ծախսերի և պարտքի վերաբերյալ կանոնների վերանայումը՝ ռազմական կարիքների համար ավելի շատ միջոցներ հատկացնելու նպատակով», – նշում է պարբերականը։
Ըստ լրատվամիջոցի, երկիրը նաև աշխատում է պաշտպանական արտադրության ընդլայնման ուղղությամբ և սկսել է լայնածավալ արշավ՝ բանակի համար անձնակազմ հավաքագրելու նպատակով, որը, հավանաբար, կներառի պարտադիր զինծառայության ձևաչափի վերականգնումը։
«Ցուցակում հաջորդը՝ ռավիոլիի ռազմավարական պաշարն է։ Գերմանիայի գյուղատնտեսության և պարենային անվտանգության նախարարն առաջարկում է վերանայել ազգային պահուստները՝ ավելացնելով պատրաստի ուտեստների քանակը։ Նրա ծրագիրն է՝ ստեղծել «պատրաստի սննդամթերքի ազգային պահուստ», որը կարելի է օգտագործել անմիջապես տաքացնելուց հետո, օրինակ՝ պահածոյացված ռավիոլի և ոսպ», – նշել է նա։
«Ներկայումս մենք գտնվում ենք անվտանգության այնպիսի իրավիճակում, որը ստիպում է բոլորիս լրջորեն մտածել», – ասել է նախարար Ալոյս Ռայները Politico-ի Berlin Playbook փոդքաստում։ «Ինձ համար կարևոր է, որ ռազմական տեխնիկայի մատակարարման կողքին նաև պարենային անվտանգությունը կարևոր դեր ունենա»։
Տասնամյակներ շարունակ Գերմանիայի արտակարգ պահուստները հիմնականում բաղկացած են եղել չմշակված մթերքներից, ինչպիսիք են՝ հացահատիկը և չորացրած ոսպը։ Ռայները կարծում է, որ ճգնաժամային իրավիճակում դրանց պատրաստումը չափազանց շատ ժամանակ է պահանջում։ Նրա առաջարկը գնահատվում է 105 միլիոն դոլար և կախված կլինի խոշոր պարենային ցանցերից, որոնք կզբաղվեն պահեստավորման և լոգիստիկայի հարցերով։





























