Երուսաղեմում հրաձգության հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս հինգը ծանր վիրավորվել են, հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը (MDA):

«Շտապօգնության բրիգադները արձանագրել են չորս մարդու (մոտ 50 տարեկան տղամարդ և մոտ 30 տարեկան երեք տղամարդ) մահը և ծանր վիճակում հրազենային վնասվածքներով հինգ հոգու տեղափոխել հիվանդանոց։ Ապակու բեկորներից տուժած մի քանի մարդու տեղում օգնություն է ցուցաբերվել»,- ասվում է MDA մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ըստ «Kan» պետական հեռուստառադիոընկերության տվյալների՝ երկու զինված անհայտ անձինք երկուշաբթի առավոտյան ներթափանցել են ավտոբուս և կրակ բացել ուղևորների վրա Երուսաղեմի Ռամոտ խաչմերուկում։ Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկիչները տեղում ոչնչացվել են։

Հայտնի է, որ հարձակվողները օգտագործել են «Կառլո» տիպի զենքեր, որոնք արտադրվում են Արևմտյան ափի խառատային և մետաղամշակման արհեստանոցներում։