Ֆրանսիայի Սենատի «Եվրոպայի ժողովրդավարական եւ սոցիալան ժողովի» խմբակցությունը դեմ կքվեարկի ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը, քրեականացնող օրինագծին: Այդ մասին, այսօր` հունվարի 23-ին, Ֆրանսիայի Սենատում օրինագծի քննարկումների ժամանակ ասաց այդ խմբակցության անդամ Նիկոլա Ալֆոնսին:

Սոցիալիստ սենատոր Ֆիլիպ Կալտենբախն իր ելույթում նշեց, որ սոցիալիստների մեծ մասը դեմ կքվեարկի օրինագծի մերժման վերաբերյալ առաջարկին, այդպիսով աջակցելով օրենքի ընդունմանը:

Սենատի Բնապահպանական խմբակցության ներկայացուցիչ Ժան- Վենսան Պլասեն  իր խոսքում օրինագիծը հակասահմանադրական է անվանել, հայտարարելով, որ իր խմբակցությունը կողմ կքվեարկի օրինագծի մերժման օգտին:

Այնուհետեւ ելույթ է ունեցել Նիկոլ Բորվո Կոեն-Սիթը, ով ներկայացնում է Սենատի Կոմունիստական խմբակցությունն եւ Հանրապետական քաղաքացիական շարժումը. «Պետությունները գործում են պատմաբանների աշխատությունների հիման վրա, իսկ պատմաբանները հաստատել են, որ 1915 թվականին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը: Ես, ինչպես նաեւ իմ խմբակցությունը, կքվեարկենք օրինագծի մերժման դեմ»:

Կենտրոնամետ եւ հանրապետական միության խմբակցության անդամների մեծամասնությունն ընդհանրապես չեն քվեարկելու այդ օրինագծի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է խմբակցության ներկայացուցիչ Ժան-Ժակ Պինյարը:

Այդ պահին ընթանում է օրինագիծը մերժելու վերաբերյալ առաջարկի քվեարկությունը: