Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարությամբ է հանդես եկել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք խստորեն դատապարտում են հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից  Ցեղասպանությունների օրինագծի ընդունումը: «Ամեն կողմից խնդիրներ ունեցող եւ անպատասխանատվության օրինակ հանդիսացող այդ որոշումը խստորեն դատապարտում ենք եւ մեր հակազդեցությունը հայտնելու ենք ամեն տեսակ նախաձեռնության ժամանակ:

Կարեւոր ենք համարում հիշեցնել, որ օրինագծի` օրենքի ուժ ստանալուց հետո Թուրքիան կիրագործի ավելի վաղ հայտնած գործողությունների իր ծրագիրը»,-նշվել է հայտարարության մեջ:

Նշենք, որ հունվարի 23-ին մոտ 8 ժամ տեւած լարված քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը  127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: 

Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ Ֆրանսիան օրենքով ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց Ցեղասպանությունն ու Հոլոքոստը:

Հիշեցենք, որ Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր, թե օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիայի դեմ մի շարք պատժամիջոցներ է կիրառելու: