Հաքերական Anonymous խմբի հաջորդ թիրախը կարող է Facebook-ը դառնալ: Խումբը ամենատարածված սոցցանցը սկսել է գրոհել հունվարի 28-ից:
YouTube-ում հրապարակված տեսագրության մեջ հաքերները հայտարարել են, որ նման կերպ նրանք կշարունակեն օնլայն պատերազմը ԱՄՆ-ում դիտարկվող հակահամակարգչահենային օրենքի դեմ:
Facebook-ի ներկայացուցիչները տվյալ տեղեկատվությունն առայժմ չեն մեկնաբանում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, նախորդ շաբաթ Anonymous-ը ժամանակավորապես խափանել էր ԱՄՆ արդարադատության նախարարության, ՀԴԲ-ի, արտոնագրային գերատեսչություն եւ մի քանի ձայնագրող եւ կինոարտադրող ընկերությունների կայքեր:
Համացանցային շատ հանրահայտ ռեսուրսներ դեմ են արտահայտվել այս օրինագծին եւ անցկացրել բողոքի ակցիաներ: Wikipedia-ն մեկ օրով անջատել էր իր անգլալեզու բաժինը, Google-ը ստորագրահավաք էր անցկացրել հակահամակարգչահենային օրինագծերի դեմ: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւս իր էջում քննադատել էր օրինագիծը:
Երկու օրինագծերը` SOPA-ն (Stop Online Piracy Act) եւ PIPA-ն (Protect IP Act) ընդունվելու դեպքում թույլ կտան դատարանի որոշմամբ անջատել յուրաքանչյուր աղբյուր, որը անօրինական նյութ է տարածում, եթե նույնիսկ տերն այդ մասին տեղյակ չէ:











