Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 24-ին, նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ:

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛  պարոն նախագահ,

Այսօր Ֆրանսիան վերստին ապացուցեց իր մեծությունն ու ուժը, իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին:

Այսօր բացառիկ օր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության եւ մարդկության դեմ ոճիրների դատապարտման ու կանխարգելման համար:

Այսօր պատմական օր է աշխարհի բոլոր հայերի համար` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում եւ ամենուր:

Վերջապես, այս օրն անմոռանալի է եւ ոսկե տառերով կգրվի հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության դարավոր պատմության մեջ:

Մեծարգո՛ պարոն նախագահ,

Շնորհակալ եմ Ձեր անձնական հանձնառության, Ձեր անգնահատելի ավանդի համար, առանց որի անհնարին կլիներ ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրենքի ընդունումը: Երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում Ձեզ` մաղթելով նորանոր հաջողություններ` հանուն Ֆրանսիայի եւ ֆրանսիացի ժողովրդի լավագույն ապագայի:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո՛ պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»: