Տարիներ շարունակ, ինչի մասին խոսել է այսօրվա քաղաքական ղեկավարը, որ «բեսպրեդել» է տիրում դատարաններում, հիմա հենց ինքը դա իրագործում է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15–ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը։
«Եթե Միքայել Սրբազանը մեկ անգամ ասել է այդ խոսքը, իրեն չեն հետապնդել, հետո որոշել են, որ իրենց այս պահին պետք է հետապնդել, շարունակել են հետապնդել։ Այսինքն երբ ոնց ուզեն, էդպես կանեն։ Իմ կարծիքով, գալու է ժամանակը, որ իրենք պատասխան տան բոլոր արածների համար»,–ասաց նա։
Խոսելով Միքայել Սրբազանի կալանավորված լինելու մասին, Սիմոնյանն ասաց. «Շիրակցուն չի սազում, որ իր թեմի առաջնորդը կալանավորված է»։
Ինչ վերաբերում է ՔՊ–ական պատգամավոր Էմմա Պալյանի հայտարարությանը, թե գյումրեցիները մոտենում են իրեն ու շնորհակալություն են հայտնում Միքայել Աջապահյանին կալանավորելու համար, ընդդիմադիր գործիչն ասաց. «Իմ շրջապատը շատ մեծ է, և գործարար դաշտից են, և սպորտային, մշակութային։ Ես համեմատական չտանեմ իրենց շրջապատի հետ, բայց բոլորն ափսոսանք են հայտնում և դատապարտում են իշխանությունների նման գործելաոճը։ Հետևաբար, պատգամավոր, թե նախագահ, ով ուզում է այդպիսի բան հայտարարել, սուտ է, կեղծիք է, չկա նման բան, կամ փոքր խմբակի կարծիք է, որը ելնելով իրենց թելադրված քաղաքական օրակարգից, նման բաներ են ասում»։
Հարցին՝ դատարանի ի՞նչ որոշում է ակնկալում, Կարեն Սիմոնյանն ասաց. «Անկանխատեսելի են սրանք։ Աստված առողջություն տա, տոկունություն տա, մենք էլ փորձենք մեզնից կախված ամեն ինչ անել, որ Սրբազանն օր առաջ ազատ արձակվի»։





























