Սիրիայի իշխանությունները հրաժարվել են Արաբական երկրների լիգայի առաջարկած ցանկացած նախաձեռնությունից: Հունվարի 24-ին նման հայտարարություն է արել Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը:
ԱԳՆ ղեկավարն իր ելույթում քննադատել է լիգայի փորձերը` սիրիական ներքին հակամարտությունը միջազգային հարթակ բարձրացնելու համար: Բացի այդ, Մուալլեմը վրդովմունք է հայտնել ԱԵԼ առաջարկներից, որոնք նա անթույլատրելի է որակել:
Նախարարը նաեւ ընդգծել է, թե միջազգային հանրության կողմից Դամասկոսին կոշտ որոշում պարտադրելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման, քանի որ դրան կխոչընդոտի Ռուսաստանը, հաղորդում է AFP-ն:
Նախարարի ելույթը հնչել է մեկ օր անց, երբ Սիրիան մերժել է ԱԵԼ առաջարկած կարգավորման պլանը: Այն ենթադրում էր Բաշար Ասադի հրաժարում իշխանությունից եւ լիազորությունների հանձնում առաջին փոխվարչապետ Ֆարուկ ալ-Շարաային:




























