Վրաստանի ճանապարհներին մնացած Հայաստանի քաղաքացիների մեծ մասն արդեն վերադարձել է Երեւան: Ինչպես NEWS.am-ին ասաց Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Նիկոլայ Գրիգորյանը, իրավիճակը ճշգրտելու համար հունվարի 24-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի ներկայացուցիչները կապվել են վրացի գործընկերների հետ, ովքեր էլ հայտնել են, որ երկու ուղղություններով էլ ճանպարհը բաց է: Հայաստանի քաղաքացիների մեծ մասն արդեն վերադարձել է, որոշ մասն էլ ճանպարհին է:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Հայաստանի քաղաքացիները 4 միկրոավտոբուսով եւ մեքենաներով Ռուսաստանի կողմից վրացական սահմանն անցնելուց հետո հասել են Ստեփանցմինդա, սակայն չեն կարողացել շարունակել ճանապարհը, քանի որ Վրաստանի իշխանությունները օդերեւութաբանական կանխատեսումներից ելնելով փակել էին ճանապարհի այդ հատվածը:
Սպառնացող ձնաբքի պատճառով Վրաստանի իշխանությունները ճանապարհի մաքրման աշխատանքները չէին ձեռնարկել: Արդյունքում 55-57 մարդուց բաղկացած հայաստանցիների խումբը, որը վրացական սահմանային անցակետից ուղեւորվել էր Հայաստան եւ հունվարի 19-ից, ի վիճակի չլինելով շարունակել ճանապարհը, կանգ էր առել Ստեփանցմինդայում: Հունվարի 23-ից մաքրման աշխատանքներ էին իրականացվել:




























