Ղազախստանում ձերբակալվել է ընդդիմադիր «Վզգլյադ» թերթի գլխավոր խմբագիր Իգոր Վինյավսկին: Նրա թերթը մանրամասն լուսաբանում էր Ժանաոզենի դեպքերը: Իշխանությունները Վինյավսկիին մեղադրում են «սահմանադրական կարգի բռնի տապալման կոչեր հնչեցնելու» մեջ. նրան յոթ տարվա ազատազրկում է սպառնում:
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ` ձերբակալվել է նաեւ «Ալգա» («Առաջ») չգրանցված ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վլադիմիր Կոզլովը, որը եւս մեկուսարանում է: Նախօրեին կուսակցության գրասենյակում եւ դրա առաջնորդի տանը խուզարկություններ են կատարվել:
Ինչպես տեղեկացրել են Ազգային անվտանգության կոմիտեում, տվյալ գործողություններն անցկացվում են նախորդ տարվա դեկտեմբերին Ժանաոզենում տեղի ունեցած անկարգությունների հետաքննման շրջանակներում:
Հիշեցնենք, որ ժողովրդական հուզումները Ժանաոզենում բռնկվել են նախորդ տարվա դեկտեմբերին` նավթային ընկերությունների ցածր աշխատավարձից դժգոհ աշխատակիցների կես տարի տեւած գործադուլից հետո: Ցանցում փախչող ամբոխի կադրեր էին հայտնվել:
Նախորդ շաբաթ Ղազախստանի ՆԳՆ-ն պարգեւատրել է Ժանաոզենի խռովությունները ճնշած ոստիկաններին: Նրանց հուշանվեր ձեռքի ժամացույցներ են շնորհվել, պատվոգրեր եւ դրամական պարգեւներ:
Հետաքննության վարկածով` անկարգությունները հրահրողների թիկունքում ընդդիմադիր հովանավորներ են եղել:




























