Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանի հետ եւ նշել, որ երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ ձեւավորվել է համագործակցության տեւական փորձ, որը պետք է ավելի ընդլայնել ու ամրացնել գործնական ծրագրերի միջոցով:
«Երեւանի քաղաքապետարանը համագործակցում է Սպահանի, Շիրազի, Թավրիզի, Թեհրանի քաղաքապետարանների հետ: Մենք պատրաստ ենք համագործակցել եւ համատեղ ծրագրեր քննարկել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների հետ կապված, դրանով իսկ նպաստելով բարեկամական եւ համագործակցային կապերի ամրապնդմանը Երեւանի եւ Իրանի տարբեր քաղաքների միջեւ»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը մասնավորապես ընդգծել է համագործակցության փորձը կանաչապատման ոլորտում եւ հույս հայտնել, որ ընթացիկ տարում այդ համագործակցությանը կշարունակվի:
Փոխանցելով Թեհրանի քաղաքապետի շնորհավորանքները`Տարոն Մարգարյանի Երեւանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ, դեսպանն ընդգծել է երկու երկրների պատմամշակութային ընդհանրությունները եւ կարեւորել գործընկերային հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը, ինչպես նաեւ փորձի փոխանակումը տրասպորտի բեռնաթափման, աղբի վերամշակման եւ կանաչապատման ծրագրերի իրականացման մասով:
Դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը կարեւորելով զբոսաշրջության առկա ներուժն ու զարգացման հնրավորությունները`առաջարկել է գործակցության կոնկրետ ծրագրեր քննարկել, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել իր կողմից աջակցել ու օժանդակել երկուստեք կապերի զարգացմանը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ աշխատանքային խումբ ձեւավորել եւ քննարկել հետագա համագործակցության հետ կապված հարցեր:




























