Կառավարությունը e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը:
Հակիրճ բնութագրության մեջ նշվում է. «Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ։
«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումն ու պետականության ամրապնդումը պետք է հիմնվի նաև Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի վրա, որոնց հստակ ձևակերպումը և այդ ձևերի խրախուսման քաղաքականությունը բացակայում է։
Ընդ որում, գեղագիտական այդ ձևերի սկզբունքներն ու չափորոշիչները կարևոր են թե պետության՝ միջազգային և արտաքին հարթակներում ներկայացման տեսանկյունից՝ մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տաղավարները տարբեր միջազգային ցուցահանդեսներում և հարթակներում, պետության արարողակարգային ներկայացումը տարբեր միջավայրերում ևն, այնպես էլ հանրային կյանքի կազմակերպման տեսանկյունից, որտեղ պետականության զգացողության ամրապնդումը քաղաքացիների շրջանում անկյունաքարային նշանակություն ունի»։





























