Այս տարվա մայիսի 9–ին, երբ ՀՀ վարչապետը գնացել էր Մոսկվա, այնտեղ, ամենայն հավանականությամբ, խոսակցություններից հասկացել էր, որ ինքը այլևս Ռուսաստանի Դաշնության կողմից հանդիսանում է փաստացի քաղաքական տեսակետից «պերսոնա նոն գրանտա», ինչ նշանակում է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերությունները այլևս վերականգնելու ենթակա չեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Սա ենթադրում է, որ Ռուսաստանը կարող է քայլեր ձեռնարկել Հայաստանում իշխանափոխության գործընթացին միջամտելու համար։ Դա ինչ-որ օրենքի խախտում չէ, որովհետև խոշոր երկրները միշտ էլ այս կամ այն չափով փորձում են ազդել իրենց ազդեցության տարածքում գտնվող երկրներում իշխանությունների ձևավորման գործընթացի վրա։ Այս պահի դրությամբ այդպիսի գործընթաց Մոլդովայում է տեղի ունենում, երբ որ Արևմուտքը ամեն գնով փորձում է պաշտպանել Մայա Սանդուի կողմից փաստացի ղեկավարվող կուսակցության հաղթանակը պառլամենտում, իսկ ռուսական կողմը ընդհակառակ, ամեն չանի, որ ընդդիմությունը հաղթի այդ պառլամենտում։ Այսինքն սա նորմալ երևույթ է։
Ահա մայիսի 9–ից հետո մենք տեսնում ենք մի երևույթ, երբ նա եկավ Հայաստան և հունիսից սկսեց անվստահության գործընթացը»,–ասաց նա։
Քաղտեխնոլոգը նկատեց, որ եթե անվստահության գործընթացը չի ստանում 54 ձայն ԱԺ–ում, նշանակում է, որ այն ձախողվել է. «Դրանով մեկ տարի դու այլևս չես կարողանալու վարչապետին անվստահության գործընթաց հայտնես և փաստորեն նա ստանում է անվտանգության բարձիկ։
Ձախողված է իմպիչմենտն այն է, երբ 36 ձայնով մտնում են խորհրդարան, քննադատում են վարչապետին, հետո քվեարկություն է տեղի ունենում և կամ քվորում չի ապահովվում, կամ քվեարկության մեջ անվստահությունը ստանում է 36 կողմ։ Դրանից հետո դու այլևս մեկ տարի չես կարող այդ գործիքից օգտվել։ Դրանով փաստորեն վարչապետը ստանում է անվտանգության բարձրիկ»,–ասաց նա։
Արմեն Բադալյանի ներկայացմամբ, հասկանալով, որ այլևս Ռուսաստանի հետ որևիցե ձևով հնարավոր չէ հարաբերությունը բարելավվել, և ենթադրելով որ ռուսական կողմը ինքը կարող է այս կամ այն կերպ անվստահության գործիքն օգտագործել աշնանը կամ գարնանը, պետք է այս գործիքը փչացվի։ Հիմա բոլոր նրանք, որոնք վարչապետի անվստահության գործընթաց են սկսում և չունեն 54 ձայն, նրանք դրանով ձախողում են այս գործիքը, և դրանով անուղղակի աջակցում ես վարչապետին։
Եթե չկա 54 ձայն, ուրեմն «Պատիվ ունեմ»–ի գործողությունները ստացվում են հօգուտ վարչապետի, ընտրողը թող ինքը որոշի»,–ասաց նա։
Խոսելով այն մասին, որ «Պատիվ ունեմ»–ը քննադատում է «Հայաստան» դաշինքին, որ չի միանում իմպիչմենտի գործընթացին, քաղտեխնոլոգը նկատեց, որ «Հայաստան» դաշինքը 28 ստորագրություն դրել է, հիմա «Պատիվ ունեմ»–ի հերթն է, բերել ՔՊ–ական պատգամավորների 21 ստորագրություն. «Եթե այդ 21 ստորագրությունները չկան, գործընթացը գնալու է տապալում»։
Դիտարկմանը, որ «Պատիվ ունեմ»–ի ներկայացուցիչներն ասում են, որ իմպիչմենտի գործընթաց սկսելու դեպքում ժողովուրդը փողոց դուրս կգա և կպարտադրի հրաժարական, Արմեն Բադալյանն ասաց. «էդ ո՞ր ժողովուրդը, որը Արցախի անկման ժամանակ ընդամենը 30-40 հազար մարդ դուրս եկավ, Հայրենիքի փրկության շարժման ժամանակ ավելի քիչ դուրս եկավ, Երբ Արցախը ընդհանրապես հայաթափվեց, դուրս եկավ մոտավորապես մի 20-30 հազար մարդ։ Ինչի՞ց եք ենթադրում, որ հիմա վարչապետի իմպիչմենտի գործընթացի ժամանակ 100 հազարավոր մարդիկ դուրս կգան, կանգնեն։




























