Ռուսաստանի երկու մայրաքաղաքների` Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի բնակիչները միակարծիք են էթնիկ համակրանքների հարցում: Նրանց նյարդայնացնում են կովկասցիները, այդպիսին են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կողմից անցկացված հետազոտության արդյունքները:
Հետազոտության տվյալներով`Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի բնակիչներն առավել մեծ համակրանք ունեն ռուսների նկատմամբ (համապատասխանաբար 44% եւ 52%): Երկրորդ տեղում են բելառուսները (համապատասխանաբար 17% եւ 14%), երրորդ տեղում են ուկրաինացիները` (15% եւ 11%):
Մոսկվացիների 3-ական տոկոսով դրական են տրամադրված տաջիկների, հայերի, վրացիների, թաթարների, հրեաների եւ եվրոպացիների նկատմամբ:
Սանկտ Պետերբուրգում պատկերը մի փոքր այլ է.բնակիչների երեքական տոկոսի համակրանքին են արժանացել գերմանացիները, եվրոպացիներն ընդհանուր առմամբ, ինչպես նաեւ հրեաները, երկուական տոկոս` հայերը, անգլիացիները, ղազախներն ու վրացիները:
Առավել հակակրանքով են բնակիչները վերաբերվում ընդհանուր առմամբ կովկասյան ժողովուրդներին (Մոսկվայում` 31%, Սանկտ Պետերբոըրգում` 28%): «Հակավարկանիշային» երկրորդ հորիզոնականում են տաջիկները (23% եւ 24% համապատասխանբար): Մոսկվայում երրորդ տեղը զբաղեցնում են ադրբեջանցիները` հակակրանքի 17%-ով, չորրորդում` ուզբեկները (13%), Սանկտ Պետերբուրգում հակառակն է (համապատասխանաբար 11% եւ 18%): Երկու քաղաքներում էլ հինգերորդ հորիզոնականը չեչեններն են զբաղեցնում (համապատասխանաբար 12% եւ 8%):
Մոսկվայում վրացիների նկատմամբ հակակրանք են տածում 9%-ը, հայերի նկատմամբ` 6%-ը:
Հյուսիսային մայրաքաղաքում վրացիների նկատմամբ հակակրանք ունի 6%-ը, հայերի նկատմամբ` 3%-ը:




























