2011 թվականի հունիսի 26-ին տեղի ունեցած, Գյումրիում շտապօգնության բժշկի աղմկահարույց սպանության գործը հասել է դատարան:

Խոսքը 65-ամյա Աշոտ Գրիգորյանի սպանության մասին է: 

Հիշեցնեք, 2011 թվականի հունիսի 26-ին Գյումրիի ոստիկանությում ահազանգ էր ստացվել, որ քաղաքի Կոմիտերնի փողոցի, երկրորդ նրբանքի թիվ 13 տանը մահացել էր տանտեր Արամայիս Կարապետյանին բուժօգնություն ցույց տված վիրաբույժ Աշոտ Գրիգորյանը: Տանտիրոջ կամ հիվանդի որդին` 28-ամյա Արտակ Կարապետյանը ծեծելով սպանել էր վաստակաշատ բժիշկին:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է այդ գործով դատական առաջին նիստը, որի ժամանակ ամբաստանյալի շահերի պաշտպանը հանդես է եկել միջնորդությամբ, դատարանից խնդրելով նիստը հետաձգել, գործի նյութերին ծանոթանալու նպատակով: NEWS am-ի թղթակիցը զրուցել է, ինչպես Արտակ Կարապետյանի հոր, այնպես էլ տուժողի իրավահաջորդ Ջուլիետա Գրիգորյանի հետ:

Բժշկի այրին նշել է, թե թույլ չի տալու, որպեսզի արտաշիրիմում կատարվի: Ինչպես հայտնի է Արտակ Կարապետյանի հարազատները պնդում են, որ բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահը վրա չի հասել ծեծի արդյունքում: Արտակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածով, այն է դիտավորյալ սպանություն: Վերջինիս սպառնում է 12-25 տարվա, ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:

«Դեպքից 2 օր անց դատաբժշկական փորձաքննության եզրկացությամբ արդեն իսկ ակնհայտ էր, որ կատարվածը սպանություն է: Ի՞նչ են ուզում, ի՞նչ արտաշիրիմում, ես թույլ չեմ տա, որ նրան տանջեն նաեւ մահվանից հետո»,-ասել է տուժողի իրավահաջորդ Ջուլիետա Գրիգորյանը: Նրա խոսքով, ճանաչված բժիշկն առողջական խնդիրներ չուներ, նրան պարզապես սպանել են, իսկ հիմա ուզում են գործը կոծկել: «Նա ոչ մի բողոք չուներ, առողջ մարդ էր, ատամնացավ էլ այդ օրը նույնիկ չուներ, հիմա ասում են՝ մեռնելն եկել է, մեռել է: Հո ասելով չէ՞, մարդուն ծեծել են, խոշտանգել, ներքեւ են գլորել մեքենայից, իրենց տան ներսում է մահացել: Այնքան են հարվածել, որ կոշիկները հագից թռել են»,-դժգոհել է բժշկի այրին:

Նրա խոսքով, բազում խոստումներ տվեցին, թե բժշկի հետ դաժանաբար վարված երիտասարդին կդատեն օրենքի ամբողջ խստությամբ, մինչդեռ Ջուլիետա Գրիգորյանը դատարանում իր շահերը պաշտպանում է միայնակ, սոցիալական վիճակից ելնելով չի կարողանում օգտվել փաստաբանի ծառայություններից:

Ամբաստանյալ Արտակ Կարապետյանի շահերի պաշտպան Թամարա Յայլոյանի խոսքով՝ Շտապ բուժօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահը վրա չի հասել ծեծի հետեւանքով:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքների հետ համաձայն չեն նաեւ բժիշկ Աշոտ Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Արտակ Կարապետյանի հարազատները: Ըստ ամբաստանյալի հոր, բժիշկը կանչի եկել էր վատ առողջական վիճակով: Աշոտ Գրիգորյանի եւ Արտակ Կարապետյանի միջեւ վեճ չի եղել, նշում է Արամայիս Կարապետյանը՝ պահանջելով բժշկի արտաշիրիմում եւ նոր փորձաքննություն:

Շիրակի մարզի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Ջուլիետա Գրիգորյանի փաստաբան ունենալու հարցը կքննարկվի առաջիկայում, իսկ հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 3-ին: