Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարությունում, մասնավորապես, փոխվարչապետերի մակարդակով, հրաժարականներ չեն սպասվում։ Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում։
Նա վստահեցրել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում «արշալույսները» միշտ խաղաղ են եղել, բայց այս խաղաղությունը երբեք չի եղել և երբեք էլ չի լինի «ճահճային լռության պայմաններում»։
Փաշինյանը նկատել է, որ 2013 թվականից, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ քաղաքացիական նախաձեռնություն է եղել, քննարկումները միշտ ընթացել են թեժ բանավեճերի մթնոլորտում։ Ընդ որում, նա հավելել է, որ բոլորի հետ լինում են դեպքեր, երբ անցնում են քաղաքական բանավեճերի սահմանները՝ խոստովանելով, որ նույնիսկ իր հետ նման բաներ վերջերս պատահել են։ Վարչապետը վստահեցրել է, որ բոլոր նման դեպքերում սկսվում են կարգապահական գործընթացներ։
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ երեկ տեղի է ունեցել կուսակցության վարչության արտահերթ նիստ, հրավիրվել են բոլոր գործընկերները, քննարկումներ են անցկացվել և եզրակացությունները մնացել են նույնը։
Նա նշել է, որ խմբակցությունն ապրում է իր բնական կյանքով։ ««Քաղաքացիական պայմանագիրը» այն եզակի խմբակցություններից է, որտեղ կան բանավեճեր, մրցակցային միջավայր և մեր խնդիրն է այդ միջավայրը պահել առողջ քաղաքական տրամաբանության շրջանակում, ինչը մենք և անում ենք»,- եզրափակել է «ՔՊ»-ի առաջնորդը։





























