Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է ընդունել՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման պատճառով, հայտարարել է հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն։ Սա կլինի 19-րդ պատժամիջոցների փաթեթը։

Փաթեթում ներառված միջոցառումները դեռևս հայտնի չեն։ The Guardian-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը պատժամիջոցների մանրամասները կներկայացնեն սեպտեմբերի 19-ին։

Ավելի վաղ, Politico-ն հայտնել էր, որ ԵՄ-ն մտադիր էր նոր պատժամիջոցների փաթեթը ներկայացնել սեպտեմբերի 17-ին, սակայն հետաձգել էր դրա հրապարակումը։

Փաթեթի պատրաստման ընթացքում հաղորդվել էր, որ ԵՄ-ն կարող է սահմանափակումներ ներառել բանկերի և էներգետիկ ընկերությունների նկատմամբ։ Ավելին, իտալական ANSA լրատվական գործակալությունը հայտնել է, որ Եվրոպան քննարկում է ռուսների համար վիզային կարգավորումների խստացումը։