Թալանվածը վերադարձնելու համակարգ է գործարկված և այդ համակարգը անկասելի է ու ժողովրդից թալանվածը արդեն իսկ հատիկ առ հատիկ հետ է բերվում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչու հատիկ առ հատիկ, որովհետև ինչպես բազմիցս ասել եմ, այդ թալանվածը մի սենյակում կամ մի տեղում չի դրված և նույնիսկ միանգամից չի թալանվել, այլ հընթացս հատիկ առ հատիկ է թալանվել, ապա թաքցվել, քողարկվել նույնպես հատիկ առ հատիկ։ Եվ մենք հիմա հատիկ առ հատիկ վերադարձնում ենք, չնայած ոնց որ թե հասել ենք մեծ ու հսկայական կտորներին։

Վերջին օրինակը «Հայաստանի էլեկտրական ցանցերն» է։ Այս պրոցեսը շարունակվելու է անկասելիորեն։ Ինչպես ասել եմ, ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու ու չի պլստում։ Թալանված ոչ մի մեծ ու փոքր կտոր գույք դուրս չի մնալու։ Մարտի 1–ի ու այլ աղմկոտ դեպքերի ոչ մի ոճրագործ պատժից չի խուսափելու։

Տեսեք ինչ է տեղի ունենում Հայաստանում, 30 տարվա վաղեմության սպանություններ են բացահայտվում, բայց սա արվում է ոչ թե դիկտատուրայի, այլ օրենքի և իրավունքի հավասարակշշռված տրամաբանությամբ։ Եվ այսպիսով, ինչպես տեսնում եք, «պողպատե մանդատը» և նրա խորհրդանիշ մուրճը տեղում են և գործում են, կյանքի է կոչում մեր ժողովրդի տված պատգամը և հանձնարարականը»,–ասաց նա՝ հանելով ու ցուցադրելով հայտնի մուրճը, ինչը առաջացրեց ներկաների ծիծաղը։

«Մուրճը գործում է հանուն օրինականության, հանուն իրավունքի, մուրճը գործում է հանուն անկախության և ինքնիշխանության, հանուն բարեկեցության և տնտեսական զարգացման։ Ոմանք, ի դեպ, փորձում են մուրճի սիմվոլը ներկայացնել որպես քանդելու գործիք։ Այդ մարդիկ տարրական գիտելիքներ անգամ չունեն շինարարական գործիքների մասին, որովհետև մուրճը բացառապես կառուցելու մասին է։

Այս մուրճի ստեղծարար ուժն է, որ կառուցում է դպրոցներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ ու ջրագծեր, լուսավորում է փողոցներ, ցեխի միջից դուրս է հանում մեր բազմաթիվ գյուղեր, որովհետև բազմաթիվ բնակավայրերում սալապատվում կամ ասֆալտապատվում են փողոցներ ու մեր հազարամյա պատմության մեջ երբեք սալապատ կամ ասֆալտապատ չեն եղել այդ փողոցները։

Պատկերացնու՞մ եք, տասնյակ, հարյուրավոր գյուղեր իրենց ողջ պատմության ընթացքում սալապատ կամ ասֆալտապատ փողոցներ չեն ունեցել»,–ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ այս մուրճի ստեղծարար ուժի բերումով է, որ Հայաստանի Հանրապետությունը էական բաժնեմաս ունի ԶՊՄԿ-ում, Ամուլսարում, Վիվա Արմենիայում. «Այս մուրճի ստեղծարար ուժով է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը եղել և շարունակում է մնալ տնտեսական զարգացման ուղեծրի մեջ, և միակ տարին, որտեղ մենք էական և շոշափելի տնտեսական աճ չենք գրանցել, եղել է քովիդի համավարակի տարին։

Նույնիսկ ետպատերազմական ճգնաժամի, սահմանային էսկալացիաների պայմաններում մենք չենք կորցրել մակրոտնտեսական կայունությունը և 2018 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկել ենք պետական բյուջեն։

Այն, որ ժողովրդի տված պողպատե մանդատը գործում է, լիուլի երևում է միայն այն փաստի բերումով, որ այն գործում է թե միլիարդատերերի, թե որքան էլ ցավալի է ասել, արքեպիսկոպոսների դեպքում։ Ամեն պարագայում գործում է հանուն Հայաստանի պետականության, հանուն Հայաստանի անկախության, ինքնիշխանության, Հայաստանի ժողովրդի և նրա այսօրվա ապագայի։ Բայց այս մուրճը և նրա խելացի կիրառումն է, որ թակարդից հանել են մեր պետականությունը, ապագան բերել են այսօր»,– ընդգծեց վարչապետը։