Սահմանազատված սահմանն է անվտանգության երաշխիքը, և ովքեր չեն հավատում սրան, թող գնան Կիրանց, որտեղ Ադրբեջանից ընդամենը 50-60 մետր հեռավորության վրա երեխաները դպրոց են գնում ու ֆուտբոլ են խաղում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ունե՞ն արդյոք նրանց ծնողները անվտանգության մտահոգություններ։ Չունեն, հակառակ դեպքում իրենց երեխաներին թույլ չէին տա դպրոց գնալ և ֆուտբոլ խաղալ Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը 50-60 մետր այս կողմ։

Եթե կիրանցի երեխաները 40 տարի առանց նորմալ դպրոցի ու ֆուտբոլի դաշտի դիմացել էին, անվտանգության վախերի պարագայում էլի կդիմանային, բայց դիմանալու կարիք չկա, որովհետև կա խաղաղություն և խաղաղությունը Կիրանցում է, խաղաղությունը Հայաստանում է։

Ու մենք պիտի շարունակենք սահմանազատման գործընթացը։ Այո, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճշգրիտ այնպես, ինչպես նշված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված և վավերացված առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է։

Ես բազմիցս եմ ասել, որ մեր օկուպացված տարածքների խնդրի լուծումը, ինչպես պատկերացրել, այնպես էլ պատկերացնում ենք այս պրոցեսի շրջանակում, այն սկզբունքների շրջանակում, որը հիշատակեցի»,– ընդգծեց նա։