Ամերիկյան հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը ծախսել է իր 100 միլիոն դոլար կարողությունը, եւ ստիպված է ծանոթներից գումար խնդրել նույնիսկ ամենօրյա կարիքների համար:

Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրի խոսքով` եթե ընկերների օգնությունը չլիներ, երգչուհին արդեն փողոցում հայտնված կլիներ: Ասում են, որ նրա նյութական դրությունն այնքան ծանր է, որ նա ստիպված է ընկերներից պարտք վերցնել` մեկից 100, մեկից` 200 դոլար, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»

48-ամյա երգչուհուն այսքան թշվառ դրության է հասցրել թմրանյութերից կախվածությունը: Դեռ նախորդ տարի Ուիթնին քանիցս բուժում է ստացել վերականգնողական կլինիկայում: Հյուսթոնին աջակցել է ձայնագրման Arista ընկերությունը, որը նրան նոր ալբոմի կանխավճարն է տվել: Սակայն ոչ ոք չգիտի, թե նոր ալբոմը երբ կթողարկվի:

Բուժման կուրսից հետո երգչուհին վերադարձել է աշխատանքի եւ 1996թ. «Քարոզչի կինը» ֆիլմից հետո առաջին անգամ ֆիլմում նկարահանվելու ծրագրեր ունի` 1976թ. «Սփարքլ» ֆիլմի նորացված տարբերակում (էկրան կբարձրանա 2012-ի օգոստոսին):

2001թ. Ոիթնին երաժշտության պատմության ամենախոշոր գործարքներից է կնքել. Arista/BMG ընկերության հետ 6 ալբոմ ձայնագրելու պայմանագրի արժեքը կազմել է 100 մլն դոլար, հիշեցնում է ZIRKIinfo-ն: