Հայաստանում, այլընտրանքային մանկական խնամքի համակարգի բարեփոխումների արդյունքում, 24-ժամյա մանկական խնամքի հաստատություններում երեխաների թիվը նվազել է գրեթե հնգապատիկ՝ 2014 թվականի 2000 երեխայից հասնելով 400-ի՝ 2024 թվականի վերջին։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ սեպտեմբերի 22-ին Ազգային ժողովում «Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող և ներկայումս շրջանառության մեջ գտնվող օրինագծերի էությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

Նա նշել է, որ օրենսդրական բարեփոխումները նպատակ ունեն ստեղծել և ամրապնդել երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ և ապահովել միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը։ «Վերջիններս հիմնված են այն սկզբունքի վրա, որ այդ պարտավորությունների հիմքում ընկած են երեխաների լավագույն շահերը», - ընդգծել է Թորոսյանը։