Թուրքիան բացառում է իր տարածքում Իրանի նկատմամբ այս կամ այն ռազմական գործողությունների անցկացումը: Այս մասին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«ՆԱՏՕ-ի շրջանակներում մենք դեմ ենք արտահայտվում մեր հարեւան երկրների դեմ ուղղված միջոցառումներին, լինի դա Ռուսաստանը թե Իրանը: Իրանի հետ սահմանը խաղաղ սահման է եւ այդպիսին էլ կմնա», - ասել է նա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դավութօղլուն վստահեցրել է, որ Թուրքիան երբեք չի համագործակցում նրանց հետ, ովքեր ցանկանում են վնասել իր հարեւան երկրներին:
Հիշեցնենք, Կոնգրեսին ուղղված իր ճառում Օբաման հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները կշարունակեն Իրանի դեմ պատժամիջոցները եւ կհասնեն այդ երկրում միջուկային ծրագրի դադարեցմանը: Հունվարի 23-ին Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Իրանի նավթի նկատմամբ էմբարգոյի կիրառմանը:
Իրանն էլ իր հերթին կրկին խոստացել է փակել Հորմուզի նեղուցը, որով մատակարարվում է աշխարհի նավթի մեկ երրորդը, եթե Իրանն իր վառելիքի մատակարարման հարցում խնդիրներ ունենա:




























