Որևէ վարկած, պատճառ, որ կարելի է մտածել, որ այսպիսի բան կարող էր լինել և՛ մեր, և՛, վստահ եմ, նաև Վալոդյայի համար, զարմանալի էր, օր ու գիշեր լցված էր համայնքի խնդիրների լուծմամբ, բնակիչների հետ հանդիպելով, բացառում եմ որևէ մեկի հետ որևէ կոնֆլիկտ, որևէ խնդիր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Փարաքարի համայնքապետ Վալոդյա  Գրիգորյանի սպանության վայրում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Որեւէ վարկած չեմ կարող ասել, հուսով եմ՝ իրավապահները արագ կբացահայտեն։ Անկախ ամեն ինչից, Վալոդա Գրիգորյանի հանրային կարգավիճակից, մարդիկ են սպանվել ապօրինի զենքով և դա, իհարկե, իրավապահ մարմինների բացն է, որ Հայաստանում նման դեպքեր են տեղի ունենում։ Չկան կանխարգելիչ միջոցառումներ,  նման մթնոլորտը անթույլատրելի է։

Այս պահին որևիցե գնահատական չեմ ուզում տալ, թող իրավապահներն աշխատեն, կարծում եմ՝ բոլոր գործիքակազմերը ունեն արագ բացահայտելու համար։ Եթե այդ ընթացքում որևիցե էական քայլեր չլինի, ժամանակ կա գնահատական տալու,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս խոսել էր նման դեպքի անթույլատրելիության մասին, Առաքելյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի ղեկավարն է, այդ ես կարող եմ մտահոգություններ հայտնել, որ իրավապահ համակարգը չի աշխատում, իրավապահ համակարգի ղեկավարը մտահոգություն չպետք է հայտնի, այլ պետք է այդ մտահոգությունները նախօրոք փարատեր։

Ոստիկանները մեզանից լավ գիտեն, թե ինչ բույթի քայլեր պետք է անեն այն միջավայրերում, որտեղ որևէ միջադեպ է տեղի ունեցել նախկինում՝ անկախ նրանից, մի միջադեպը մյուսի հետ կապ ունի, թե չէ։ Հիմա այս պահին կդժվարանամ ասել միջադեպերի կապը, բայց ակնհայտ է, որ տեղի է ունեցել դաժան սպանություն ապօրինի զենքով՝ ավտոմատով։

Ընդ որում նաև արձանագրենք, որ մյուս սպանվածը ոստիկանության աշխատող է եղել, սա ոստիկանների համար պետք է ազդակ լինի, որ հանցագործները նաև կարողանում են փողոցում սպանել նաև ոստիկանի»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։