Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին, ժամը 23:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում. դիմակավորված անձը իր մոտ գտնվող ինքնաձիգից կրակահերթ է արձակել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և վերջինիս հետ գտնվող ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի և քաղաքացիական անձ Արծրուն Գալստյանի ուղղությամբ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Մերձավանում լրագրողների հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը։

«Դրա հետևանքով Վալոդյա Գրիգորյանը և Կարեն Աբրահամյանը մահացել են, իսկ Արծրուն Գալստյանը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական հաստատություն և ստացել համապատասխան բուժօգնություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության դեպքի առթիվ և 44 155 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով Արծուն Գալստյանի սպանության փորձի դեպքի առթիվ, ինչպես նաև ապօրինի կերպով զենքը  ձեռք բերելու հոդվածով՝ 335 հոդվածով»,–ասաց նա։

Հարությունյանը տեղեկացրեց, որ դիմակավորված անձը դեռ չի հայտնաբերվել, այդ ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ ու հնարավոր բոլոր քննչական և ապացուցողական գործողությունները, նաև ոստիկանության հետ համատեղ օպերատիվ հետախուզական լայնածավալ գործողություններ. «Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ հիշյալ վարույթը Վաղարշապատի քննչական բաժնից նախաքննությունը շարունակելու համար տեղափոխվել է հատկապես կարևոր գործերի քննության վարչություն»։

Անդրադառնալով հենց դեպքին, Արտակ Հովհաննիսյանն ասաց. «Պարոն Գրիգորյանը գտնվել է իր տան բակում և տեղի է ունեցել դեպքը։ Այլ մանրամասներ այս պահին դրա վերաբերյալ չեմ կարող ներկայացնել։ Տեսախցիկները բոլորը, այդ թվում մնացած հետքերն ու իրերն ու առարկաները, որոնք նշանակություն ունեն վարույթի համար, կատարված դեպքի վայրում  զննության ժամանակ ֆիքսվել և արձանագրվել ու վերցվել են։ Մանրամասներ շատ չեմ կարող ձեզ ներկայացնել, հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը և նախաքննության շահերը ու դրանց չվնասելու միտումը»։

Հարցին, թե արդյոք այս դեպքը կարող է կապ ունենալ մի քանի ամիս առաջ նույն համայնքում տեղի ունեցած սպանության հետ, ՔԿ ներկայացուցիչն ասաց. «Քրեական վարույթով առաջադրվել են մի շարք վարկածներ, այդ թվում նաև ձեր կողմից մատնանշված վարկածը, բոլոր վարկածների ուղղությամբ իրականացվում է քննություն՝ դրանք հերքելու կամ հաստատելու նպատակով։ Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ոչ միայն այդ վարկածը, այլ նաև մնացած բոլոր վարկածները քննության առարկա դարձվում են, և այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունները կատարվում են»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։