Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների ներխուժումը ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային տարածք Կրեմլի կողմից իրականացվող նպատակային ռազմավարության մի մասն է, հայտնում է Bild-ը։
«Պուտինը ցանկանում է սադրել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, ապա պարզել, բացահայտել և շահագործել դաշինքի ենթադրյալ խոցելիությունները», - ասել է Պիստորիուսը Բունդեսթագի բյուջեի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելի ու ավելի հաճախակի ու ագրեսիվ կերպով է ստուգում թույլատրելիի սահմանները։ Պիստորիուսն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի տրվում Պուտինի սադրանքներին, սակայն դրա հետ մեկտեղ արձագանքում է «հստակ և միասնականորեն, բայց անհրաժեշտ զսպվածությամբ»։
Նրա խոսքով՝ բունդեսվերի զինծառայողների թիվը պետք է հասնի մոտ 460 հազարի։




























