ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել եմ Իրանի նախագահի հետ։ Այս մասին սոցցանցերում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Նախևառաջ, ես վերահաստատեցի իմ պահանջը. Սեսիլ Կոլերը, Ժակ Փարիզը և Լենարտ Մոնտերլոսը, որոնք պետական պատանդներ են և կամայականորեն պահվում են Իրանում՝ անմարդկային պայմաններում, պետք է անհապաղ ազատ արձակվեն։
Մեր դիրքորոշումը հստակ է՝ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Իր միջուկային պարտավորությունները չկատարելու պատճառով մենք Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ համատեղ որոշել ենք գործարկել Snapback մեխանիզմը, որը թույլ է տալիս կրկին պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։ Ես ևս մեկ անգամ հստակորեն ներկայացրել եմ Իրանի նախագահին այն պահանջները, որոնց շուրջ մենք փոխզիջման չենք գնա՝ ԱԷՄԳ-ի տեսուչների լիարժեք մուտք Իրան, հարստացված նյութերի պաշարների վերաբերյալ թափանցիկություն, բանակցությունների անհապաղ վերսկսում։
Դեռևս հնարավոր է հասնել համաձայնության։ Իրանը պետք է կատարի մեր կողմից առաջադրված օրինական պայմանները՝ հանուն տարածաշրջանի անվտանգության, հանուն ամբողջ աշխարհի կայունության»,- գրել է Մակրոնը։
Այնուհետև Ֆրանսիայի նախագահը հանդիպել է Թուրքիայի ղեկավար Էրդողանի հետ։
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարևորում է Ֆրանսիայի հետ երկխոսությունը և նպատակ ունի զարգացնել Փարիզի հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար։ Նա հավելել է, որ Անկարան մտադիր է առաջ մղել Ստամբուլյան բանակցային գործընթացը՝ միևնույն ժամանակ կենտրոնանալով արդյունքի վրա։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանը շնորհավորել է իր ֆրանսիացի գործընկերոջը Պաղեստին պետությունը ճանաչելու Ֆրանսիայի որոշման կապակցությամբ։ Նա նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության վրա միջազգային ճնշման ավելացումը երկու պետությունների խնդրի լուծման հասնելու համար կարող է արդյունքներ տալ։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին։





























