Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 25–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։

Այն ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիյանը՝ նշելով. «Բյուջեի նախագծով ՀՆԱ –ն կանխատեսվել է 11 տրիլիոն 933 մլրդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5.4%, ՀՆԱ-ի դեֆլյատորը 3%։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ։

Վարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ սպասողականի համեմատ 0.4% կետով։ Այստեղ նշեմ, որ սպասողականը այս տարվա համար 1% կետով բարելավում է 24 թվականի նկատմամբ։

Պետական բյուջեի ծախսերը նախատեսում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով 704 միլիարդ դրամ, որը ՀՆԱ–ում 2026 թվականին կկազմի 5.9%։

Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն ՀՆԱ-ի 4.5%-ը՝  2025 թվականի 5.5%-ի դիմաց, միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2.8% մակարդակի։ Արդյունքում կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 26 թվականի վերջում կանխատեսվում է 53.5%»։