ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհակալական նամակ է հղել ֆրանսիացի իր գործընկերոջը` Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնին:

Նամակում, մասնավորապես ասված է. 

«Հարգելի պարոն Դելոն,

Թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի  կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ եւ շնորհակալական խոսքս հղել Ֆրանսիայի  բարեկամ ժողովրդին:

Ընդունելով օրինագիծը` Ֆրանսիան հերթական անգամ ապացուցեց իր նվիրվածությունը վեհ համամարդկային արժեքներին եւ ժողովրդավարության սկզբունքներին:

Այս պատմական փաստաթուղթը տրամաբանական շարունակությունն է 2001 թվականին Ֆրանսիայի Խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքի, որը հույս է տալիս, որ հայ ժողովրդի մեծ ու հուսալի բարեկամ Ֆրանսիայի Հանրապետության այս քայլը օրինակ կծառայի Եվրոպական Միության եւ աշխարհի մյուս պետությունների խորհրդարանների համար»:

Ի լրումն, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր ուղերձում վստահություն է հայտնել, որ օրինագծի ընդունմամբ էլ ավելի կամրապնդվի դարերի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական բարեկամությունը: