Ամերիկացի գրող եւ լրագրող Մայքլ Սքոթ Մուրը, ով նյութեր էր հավաքում սոմալեցի ծովահենների մասին, ինքն է գերի ընկել ապագա գրքի հերոսների մոտ:

Նրան առեւանգել են հունվարի 21-ին Գալկայո քաղաքի մերձակայքում: Տեղական Somalia Report պարբերականի տվյալներով, ծովահեների «Սաադ» (Sa`ad) կլանի ներկայացուցիչները երկու Land Cruiser մեքենաներով կանգնեցրել են լրագրողի մեքենան, որով վերջինս երթեւեկում էր հնդիկ գործընկերոջ հետ: Մուրին տեղափոխել են Հարարդերե քաղաքի շրջան, որը ծովահենների հիմնական կենտրոններից է:

Տեղական իշխանությունների փորձերը ամերիկացուն ազատելու ուղղությամբ, հաջողությամբ չեն պսակվել:

Կալիֆոռնիայում ծնված Մայքլ Մուը ԱՄՆ-ի եւ Գերմանիայի քաղաքացի է: Նա ակտիվորեն համագործակցել է պարբերականների հետ, իսկ վերջին շրջանում Spiegel հանդեսում էր տպվում: Սոմալիում Մուրը նյութեր էր հավաքում տարածաշրջանում ծովահենության խնդիրների մասին: