Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 25–ի իր կառավարության նիստում հավանություն տվեց 2026 թվականի պետական բյուջեի նախագծին։

Փաստաթղթից տեղեկանում ենք, որ հաջորդ տարվա բյուջեում պաշտպանական ծախսերը նվազել են։ Եթե այս տարի պաշտպանական ծախսերի համար հատկացվել է 664.6 մլրդ դրամ, ապա 2026–ին այդ գումարը կկազմի 563․1 մլրդ դրամ։

Նվազումը կազմում է 101.5 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր է՝ 2026 թվականի բյուջեում ծախսերի Էական աճ կամ պաշտպանական ծախսերի աճ ընդհանրապես չլինի։

Չնայած պաշտպանական ծախսերի նվազեցմանը՝ ընդհանուր պետական բյուջեն հաջորդ տարի ավելի քան 5 տոկոսով ավելին է։ Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ ծախսել։

Մանավորապես, առողջապահական ոլորտի բյուջեն կաճի շուրջ 45 միլիարդ դրամով։

Սոցիալական ծախսերը կաճեն մոտ 90 միլիարդ դրամով, որի առյուծի բաժինը՝ մոտ 591 միլիարդը կուղղվի կենսաթոշակներին։

Զուտ թվերով կաճի նաև Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցությունը, նախատեսում են 55 միլիարդ դրամ։ Այս տարվա բյուջեով 35 միլիարդ էին նախատեսել։

Կառավարությունը շատ գումար կծախսի Հայաստանի պետական պարտքը կառավարելու համար։ Ավելի քան 423 միլիարդ դրամ կուղղվի միայն պարտքերի տոկոսների վճարմանը։