Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունվարի 25-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին, Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինին եւ «Օրանժ Արմենիա» ընկերության տնօրեն Բրունո Դյութուային: 

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար: Դեսպանն իր հերթին նշել է, որ դա այնպիսի մի օրինագիծ է, որն  ուղղված չէ ոչ մի երկրի դեմ եւ հույս է հայտնել, որ մյուս երկրներն էլ կհետեւեն Ֆրանսիայի օրինակին: Մ.Վարդանյանն անդրադառնալով Հայաստանում «Օրանժ Արմենիա» ընկերության գործունեությանը` իր գոհունակությունն  է հայտնել կատարված աշխատանքից եւ նշել, որ ընկերությունը բավականին ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում եւ հանդես է գալիս նոր նախաձեռնություններով: Նախարարը Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի ներկայացուցչին առաջարկել է քննարկել  ռոումինգ ծառայության սակագների նվազեցման, ինչպես նաեւ արբանյակային հեռարձակման միջոցով  ինտերնետ ծառայությունների մատուցման հարցերը` օգտվելով Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից Հայաստանին հատկացված երկու արբանյակներից, ինչպես նաեւ ֆրնասիական արբանյակների համակարգից:

Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինը շնորհակալություն է հայտնել նախարարին «Օրանժ Արմենիայի» հիմնադրումից մինչ օրս ընկերությանը աջակցելու համար եւ պատրաստակամություն է հայտնել քննարկելու նախարարի ներկայացրած հարցերը: Բ. Շինը հատկապես կարեւորել է բջջային հեռախոսահամարների շարժականության համակարգի ներդրումը (օպերատորների փոփոխության դեպքում բջջային հեռախոսահամարները չեն փոխվում) եւ այդ հարցում նախարարության աջակցությունը: Նախարար Մ.Վարդանյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի այդ հարցը` հաշվի առնելով եվրոպական երկրների օրենսդրությունը, մյուս օպերատորների շահագրգռվածությունը եւ փորձը: