Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կարեւոր մեխանիզմ է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում: Այս մասին Լատվիայում հունվարի 25-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:  

«Այդ կարեւոր քայլը Ֆրանսիայի կողմից ոչ միայն ողջունելի է, այլեւ պետք է օժանդակություն ստանա Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի երկրների կողմից»,- հայտարարել է Նալբանդյանը, հաղորդում է  Agence France-Presse գործակալությունը: 

Ըստ Հայաստանի ԱԳ նախարարի` առաջին հերթին հարկավոր է Թուրքիայի հետ ընդհանուր պատմության այդ էջը թերթել, բայց ոչ թե ժխտման ճանապարհով, այլ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ:

«Մենք իսկապես հուսով ենք, որ  կգա այն օրը, երբ Թուրքիան ինքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշել է նա:

Իր հերթին Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը նշել է, որ Հայաստանի եւ Լատվիայի ծանր պատմության մեջ նմանություններ կան եւ «տվյալ հարցում մենք հասկանում ենք հայ ազգի ցավը»: «Եթե նույնիսկ դա շատ դժվար է, ամենից լավը ակադեմիական մակարդակով ընդհանուր անցյալի քննարկում կազմակերպելն է, այլ ոչ թե հարցը քաղաքականացնելը»,- ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 25-ին եւ 26-ին գտնվելու է  Լատվիայում եւ Լիտվայում: