Google ընկերությունը փոխում է իր գաղտնիության քաղաքականությունը, տարածելով այն իր բազմաթիվ արտադրանքների վրա, ներառյալ որոնողական համակարգը, էլեկտրոնային փոստը, տեսանյութերը եւ սոցիալական ցանցերը:
Այսօր առկա գաղտնիության ավելի քան 60 տարբեր կանոններ, որոնք ներկայացնում են Google-ի կառավարման տարբեր արտադրանքները, կմիավորվեն մեկ միասնական քաղաքականության մեջ, որն ուժի մեջ կմտնի մարտի 1-ին:
Google-ի կայքի հաղորդագրության մեջ ասվում է, որ նոր քաղաքականությունը օգտագործողներին որոնման ավելի արդյունավետ հնարավորություն կընձեռի եւ կօգնի գովազդատուներին նոր հաճախորդներ գտնել:
Հայտարարված բարեփոխումների շրջանակում Google կորպորացիան կմիավորի որոնողական ծառայությունը, Gmail փոստային ծառայությունը, Google+ սոցիալական ցանցը, YouTube վիդեոհոսթինգը եւ այլ արտադրանքներ` նրանց հետ աշխատանքը հեշտացնելու նպատակով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Եթե դուք մուտք եք գործել Google-ի հաշիվ, որոնման արդյունքները իսկապես անձնական են դառնում: Google+, Gmail եւ YouTube կայքերում ձեր նախորդ հարցումների հիման վրա մենք կփորձենք ձեզ համար գտնել հենց այն, ինչը հարկավոր է: Օրինակ, եթե դուք նախկինում հետաքրքրվել եք մեքենաներով, ապա «կարմիր լոռամրգի» հարցման պարագայում առաջին հերթին մեքենաների մասին տեղեկատվություն կստանաք, այլ ոչ թե հատապտղի, գրքի կամ ֆիլմի», - ասված է ընկերության ռուսալեզու կայքի հաղորդագրությունում:
Google-ը հայտարարում է, որ ԱՄՆ կարգավորող մարմինները տեղեկացվել են ընկերության գաղտնիության քաղաքականության փոփոխությունների մասին, որոնք կկիրառվեն գլոբալ մասշտաբներով:




























