Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններում շարունակվում է քաղաքացիների ստորագրահավաքը` Թուրքիայում 1915-22 թթ. Հայոց ցեղասպանության եւ նազիզմի հանցագործությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի մշակման եւ ընդունման առաջարկով ՌԴ Պետդումա դիմելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, ներկայումս ստորագրահավաք է իրականցվում Ռուսաստանի 28 ռեգիոնում եւ Ռուսաստանի սահամաններից դուրս երկու երկրում:
Ակցիան անցակացվում է «Սոչիի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Կազմակերպությունը Ռուսաստանի հայկական կազմակերպություններին եւ ռեսուրսներին առաջարկել է նաեւ քննարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումների համակարգման կառույց ստեղծելու հնարավորությունը:
Հաղորդվում է, որ հունվարի 23 -ի տվյալներով, ակցիային աջակցություն են հայտնել 32 հասարակական կառույց, 6 տպագիր պարբերական եւ 17 համացանցային տեղեկատվական ռեսուրս:
Սոչիի հայերի նախաձեռնությանը միացել են նաեւ ոչ հայկական կազմակերպություններ` Շապսուգսկի մշակութային եւ սոցիալական զարգացման «НАРТ-ХАСЭ» հիմնադրամը, Կուբանի կազակական զորքերի սեւծովյան շրջանի տեղական կազմակերպությունը, Սոչիի հույների միությունը, «Կրեմատորի» հայտնի ռոք խումբը:
Սոչիի հայերի նախաձեռնությանն աջակցել ցանկացողները կարող են դիմել «Սոչիի հայերի միություն»` (862) 270-90-80, e-mail: [email protected] կամ «Երկրամաս» թերթի խմբագրություն` (861) 267-17-98, e-mail: [email protected]:




























