Դա անլուրջ օրակարգ է, նման քաղաքական օրակարգ չկա, եթե դուրս գաք փողոցում մարդկանց հարցնեք, ինձ թվում է՝ բոլորի համար ակնհայտ կլինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով նրան, որ այս պահին իմպիչմենտի թեմայով խորհրդարանական լսումներ են, արդյոք  ՔՊ-ում կա մտադրություն միանալու այդ գործընթացին։

Նա բացառեց, որ ՔՊ-ից կմիանան այդ գործընթացին և Նիկոլ Փաշինյանին անակնկալ կմատուցեն՝ իմպիչմենթ հայտնելով. «Իհարկե բացառում եմ, որովհետև որևէ քաղաքական օրակարգ չկա վարչապետի դեմ իմպիչմենտի ինչ-որ պրոցես սկսելու։ Դա արհեստական ինչ-որ զբաղմունք է, գտել են, զբաղվում են։

Եթե քաղաքական օրակարգ փողոցում չկա, այսինքն մարդկանց կամքը չի արտահայտում այն օրակարգը, ինչ որ բերվել է, դա իմ համար անլուրջ օրակարգ է։ Ես առանց վիրավորանքի եմ ասում, հանկարծ չմտածեք՝ ես մարդկանց պիտակավորումներ եմ անում։ Ես օրակարգի մասին եմ խոսում, լուրջ օրակարգը այն է, որը  թելադրված է քաղաքական լայն շրջանակների կողմից, այսինքն հասարակության կողմից։ Իմ կարծիքով մեր հասարակության մեջ նման հարց չի քննարկվում։ Կարող է ինչ-որ փոքրիկ շրջանակներում քննարկվում է, տեսնում ենք, որ մի 100 հոգի, օրինակ Ազգային ժողովում որոշել են դա քննարկել, բայց լայն շրջանակներում նման քննարկում չկա։

Ես լինելով մարդ, ով միշտ շփվում է քաղաքացիների հետ, ամեն տեղ սուպերմարկետում, փողոցում, ամեն տեղ գյուղեր, այցելելիս, մարզեր գնալիս, տեսնում եմ որ նման օրակարգ չկա»,– ընդգծեց ԱԺ փոխխոսնակը։