Պապուա Նոր Գվինեայում ռազմական հեղաշրջման փորձ է արվել: Երկրի նախկին վարչապետ Մայքլ Սոմարեի կողմնակիցները ներխուժել են զինված ուժերի գլխավոր շտաբ եւ բռնել բանակի հրամանատարին:

Սոմարեի կողմնակիցները երկրի նոր գլխավոր հրամանատար են նշանակել, ինչպես նաեւ երկրի գեներալ-նահանգապետին վերջնագիր են ներկայացրել` պահանջելով Մայքլ Սոմարեին վերականգնել վարչապետի պաշտոնում: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

2011թ. օգոստոսին Պապուա Նոր Գվինեայի վարչապետի պաշտոնը քվեարկության արդյունքներով զբաղեցրել է ֆինանսների նախկին նախարար Փիթեր Օ’Նիլը` փոխարինելով Մայքլ Սոմարեին, որն այդ ժամանակ բուժվում էր Սինգապուրում: Վերադառնալուց հետո Սոմարեն հայտարարել էր, որ Օ’Նիլի նշանակումն անօրինական է, եւ հրաժարվել էր հրաժարական տալ: Այժմ երկրում փաստացի երկու կառավարություն է գործում, որոնք մեկը մյուսին չեն ընդունում: Երկրի գեներալ-նահանգապետ Մայքլ Օջիոն, ով սկզբում աջակցում էր Սոմարեին, անցած տարվա դեկտեմբերին օրինական ճանաչեց Օ’Նիլի կառավարությունը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: