Իրանը որոշել է առաջինն ընդհատել նավթի մատակարարումը Եվրոպա, նախքան ԵՄ-ի ընդունած էմբարգոյի ուժի մեջ մտնելը: Խորհրադարանում քննարկման է առաջադրված հատուկ օրինագիծ, եւ այդ մասին որոշումը կկայացվի հունվարի 29-ի նիստի ժամանակ:
Այս մասին գրում է Financial Times թերթը` հղում անելով Իրանի մեջլիսի էներգետիկայի հանձնաժողովի ներկայացուցիչ Իմադ Հուսեյնիին: «Եթե օրինագիծն ընդունվի, կառավարությունը կպարտավորվի դադարեցնել նավթի վաճառքը Եվրոպայ, նախքան ԵՄ կողմից Իրանի դեմ էմբարգոն կիրառելը», - հայտարարել է Հուսեյնին:
Մեկ այլ պատգամավոր Նասեր Սուդանին հայտարարել է, որ մեջլիսի շատ ներկայացուցիչներ անհամբեր սպասում են օրինագծի ընդունմանը, ըստ որի` Իրանն իրենց համար պատժամիջոցների թիրախ դարձրած եվրոպական պետություններից ոչ մեկը Իրանից ոչ մի կաթիլ նավթ չի կարողանա գնել: Նրա խոսքերը մեջբերում է Tehran Times թերթը:
Սուդանին վստահ է, որ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցները ուժեղ հարված կհասցնեն հենց Եվրոպային: Առաջին հերթին, եվրոպական երկրները ոչնչով չեն կարող փոխարինել իրանական նավթը, իսկ երկրորդ` էմբարգոյի հետեւանքով ավելի կբարձրանա «սեւ ոսկու» գինը: Սուդանին եզրակացնում է, որ եվրոպացիներն այսպես թե այնպես գնելու են իրանական նավթը միջնորդների միջոցով, ինչը զգալիորեն կավելացնի նրանց ծախսերը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵՄ արտգործնախարարների խորհուրդն Իրանի նավթի ներկրման նկատմամբ էմբարգո կիրառելու որոշում էր ընդունել: Մինչեւ հուլիսի 1-ը Եվրամիության բոլոր երկրները պետք է ամբողջովին դադարեցնեն այդ երկրից «սեւ ոսկու» ներկրումը:
Իրանական նավթի եվրոպական ներկրման հիմնական մասը ` 68%-ը, բաժին է ընկնում Հունաստանին, Իտալիային եւ Իսպանիային: Հունաստանում Իրանից եկող «սեւ ոսկու» սպառման մասնաբաժինը շուրջ 35% է կազմում: Ըստ Financial Times-ի տվյալների` 2011 թվականին ԵՄի երկրներն Իրանից գնել են միջին հաշվով օրը 600 հազար բարել նավթ:



























