Նոր Զելանդիայի դատարանը գրավի դիմաց բաց է թողել megaupload.com-ի գործով երկու կասկածյալներին: Երրրոդ ձերբակալվածի վերաբերյալ որոշումը հետաձգվել է մինչեւ հունվարի 27-ը:
Գրավի դիմաց ազատվել են Նիդեռլանդների քաղաքացի Բրամ վան դել Կոնկը եւ Գերմանիայի քաղաքացի Ֆինն Բատատոն: Երրորդ ձերբակալվածի` Մաթիաս Օրթմանի վերաբերյալ որոշումը կընդունվի հաջորդ նիստի ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Վիրջինիա նահանգի դատախազությունը որոշում էր կայացրել փակել megaupload.com-ը` աշխարհում ամենախոշոր աղբյուրներից մեկը, որը թույլ է տալիս օգտվողներին մեծածավալ նյութեր փոխանակել, եւ ձերբակալել նրա 7 տերերին եւ աշխատակիցներին: Նրանցից 4-ը, ներառյալ ընկերության հիմնադիր Քիմ Դոթքոմին (ծննդյան ազգանունն է Շմիտց), ձերբակալվել են Նոր Զելանդիայում: ԱՄՆ-ը ձգտում է հասնել megaupload.com-ի գործով բոլոր ձերբակալվածների հանձնմանը:
Ըստ մեղադրող կողմի` megaupload.com-ի աշխատանքը իրավատերերին 500 միլիոն դոլարի վնաս է հասցրել, իսկ նրա եկամուտը գովազդից կազմել է 175 միլիոն դոլար:
Megaupload.com-ը փակվել է խոշորագույն համացանցային ռեսուրսների կողմից ԱՄՆ-ի SOPA (Stop Online Piracy Act) եւ PIPA (Protect IP Act) հակահամակարգչահենային օրինագծերի դեմ բողոքի ակցիա անցկացնելու հենց հաջորդ օրը:




























