Հունվարի 25-ին ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանն ընդունել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ պարոն Ստեֆան Ռոպերին եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին քարտուղար տիկին Գինելին։

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար։

Տիկին Գինելը նշել է, որ Ֆրանսիայի դեսպանությունում հետեւել են Սենատում ծավալված քննարկումներին, որոնց սկիզբը դրվել էր դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին։ «Սենատի ընդունած որոշումը 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի տրամաբանական շարունակությունն է: Արդեն երկու օր է, ինչ դեսպանատանն անդադար շնորհակալական գրություններ են ստացվում, մենք տպավորված ենք նման արձագանքով», - նշել է դեսպանատան առաջին քարտուղարը։

Քննարկվել են Հայաստան-ֆրանսիա համագործակցության հիմնական ուղղությունները, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցների եւ ֆրանսիական համայնքի անվտանգության հիմնախնդիրները։

Անդրադարձ է կատարվել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին եւ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Շատ շուտով Հայաստան կժամանեն Ֆրանսիայի քաղպաշտպանության դեպարտամենտի երկու բարձրաստիճան սպաներ, ու համագործակցության ոլորտներն առավել հստակ ու որոշակի կլինեն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուսումնավարժությունների եւ դասընթացների անցկացման, տարբեր արտակարգ իրավիճակներում գործողությունների ու տարհանման պլաններ մշակելու մասին: