ԱՄՆ–ի հետ մեր պայմանավորվածություններում չկա, որ մենք ջրերը կտրում ենք, հացը կտրում ենք, օդը կտրում ենք, լույսը անջատում ենք, և դրա փոխարեն ստեղծում ենք «Թրամփի ուղի»։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Մեղրիի տարածքում ջրատարներ կան և տեղի բնակիչները մտահոգություն ունեն, որ կարող է իրենցից օտարվեն այդ ենթակառուցվածքները։
«Ինչի՞ց է կանխավարկածը, որ եթե լինելու է երկաթուղի, ուրեմն ջուր չի լինելու։ Սովորաբար հակառակն է լինում, այնտեղ, որտեղ երկաթուղի է լինում, ջուրը պարտադիր պայման է, որովհետև այդ թվում առանց ջրի երկաթուղի չի կարող լինի։ Որտեղ երկաթուղի կա, այնտեղ հաց կա, որտեղ երկաթուղի կա, այնտեղ բարեկեցություն կա, բայց մեր դեպքում եթե երկաթուղի կա, ուրեմն հաց չկա, ջուր չկա, անվտանգություն չկա, մարդ չկա, ինքնիշխանություն չկա, տարածքային ամբողջականություն չկա։ Սա մեզ ներշնչված գետոյի տրամաբանությունն է, որ այ տես, պիտի փակված մենք ապրենք, որ մեր ինքնությունը, մեր անվտանգությունը պահենք։ Այդպես չի, ընդհակառակը, ժամանակակից աշխարհում պետք է շատ շփվել, պետք է խոսել, պետք է հասկանալի լինել։ Պետք է հասկանալ համար աշխարհը և հասկանալի լինելու աշխարհին։ Եվ մենք հիմա էդ ենք անել։
Չկա այդպիսի տրամաբանություն, որ խաղաղություն կլինի, բայց ջուր չի լինի։ Այ ժողովուրդ, ընտրեք ջուր եք ուզում, թե՞ խաղաղություն եք ուզում։ Որովհետև ջուրն ու խաղաղությունը սովորաբար իրար հետ են լինում։ Կարող է պատերազմի դեպքում ջուր չլինի, որովհետև պատերազմը այնուամենայնիվ ավերելու մասին է, որտեղ կարող է ավերվել և ջրագիծը, և երկաթուղին, և ճանապարհը, և տունը, և հիվանդանոցը, և դպրոցը, և կյանքը, և հարաբերությունը, ամեն ինչ։ Նույն Մեղրիի ժողովուրդը և ընդհանրապես Հայաստանի ժողովուրդը, ինքը նաև կարող է համեմատել՝ այն ժամանակ, որ երկաթուղի կար, իր կյանքը ավելի լավ էր, թե՞ ավելի վատ էր»,– հայտարարեց Փաշինյանը։











