Հայաստանում վերջին տասնամյակներում չի եղել խաղաղություն, որովհետև ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր փոխհրաձգության արդյունքում, հիմա մենք մեկ տարի յոթ ամիս Հայաստան-Ադրբեջան հրաձգությունների արդյունքում զոհ և վիրավոր չունենք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր անկախության օրոք չի եղել այդպիսի մի տարի, որտեղ մենք զոհեր չունենանք, վիրավորներ չունենանք, դիվերսիաներ չունենանք։Հայաստանի անկախության առաջին օրից ոչ մի տարի խաղաղություն չի եղել։ Հայաստանի երրորդ Հանրապետությունը խաղաղություն չի տեսել ընդհանրապես։
Խաղաղությունը մեզ համար անծանոթ բան է։ Մենք չգիտենք խաղաղությունը ինչ է։ Երրորդ Հանրապետությունը երբեք չի իմացել խաղաղությունը ինչ է, և մենք պիտի սովորենք՝ ի՞նչ է նշանակում խաղաղ կյանք։ Եվ, իմիջիայլոց, պետք էլ չի շտապել, որովհետև կան հարցեր։
Ես ՄԱԿ-ի ամբիոնից ելույթի մեջ ասեցի՝ կոնֆլիկտի դեպքում հարցերը շատ չեն, հարցերի շրջանակն էլ է քիչ, պատասխանների տարբերակներն էլ են քիչ։ Խաղաղություն իր հետ բերում է հարցեր, էլի հարցեր, նոր հարցեր, անընդհատ հարցեր։
Իսկ խաղաղությունը, կարող է նույնիսկ աբսուրդ հնչի, բայց երևի ճիշտը այդ հարցերը տալ և պատասխանել՝ խաղաղությունը կարո՞ղ է սպառնալիքներ բերի»,–ասաց նա։











