Հայաստանը բացառիկ հնարավորություններ է առաջարկում ներդրողների համար՝ միաժամանակ զարգացնելով իր աշխատաշուկան։ Այս մասին սեպտեմբերի 30-ին «Countries Under One Roof» համաժողովում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է կայուն տնտեսություն կառուցելու ճանապարհին, աշխատում է «Թրամփի ուղին» գործարկելու և բիզնես միջավայրը բարելավելու ուղղությամբ։
Պապոյանը հավելել է, որ կառավարության քաղաքականությունն ուղղված է մասնավոր հատվածի զարգացմանը նպաստելուն, միջազգային համագործակցությունը խթանելուն և Հայաստանը որպես հուսալի գործընկեր դիրքավորելուն՝ առևտրի, նորարարության և կայուն ներդրումների ոլորտներում: «Վերջին տարիներին մենք առաջնահերթություն ենք տվել թափանցիկության և օրենքի գերակայության վրա հիմնված ներդրումային միջավայրի ստեղծմանը, որը խթանում է բիզնես նախաձեռնությունները: Փոքր և միջին բիզնեսը մեր տնտեսության ողնաշարն է», - ընդգծել է նա:
Նախարարի խոսքով՝ կառավարության նպատակային աջակցության մեխանիզմները օգնում են բիզնեսներին ընդլայնել իրենց նախաձեռնությունները և ինտեգրվել համաշխարհային շուկային։
Պաշտոնյան վստահեցրել է, որ կառավարությունը կարևորում է արհեստական բանականության գործիքների օգտագործման վրա հիմնված բիզնես մոդելների փոփոխությունը՝ հավելելով, որ Հայաստանը կարող է արհեստական բանականության զարգացման համար տարածաշրջանային կենտրոն դառնալ՝ լոգիստիկայի, արդյունաբերության, ֆինանսների և այլ ոլորտներում։
Գևորգ Պապոյանը նշեց, որ տնտեսական զարգացումը պետք է ուղեկցվի սոցիալական ոլորտում, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում պարտավորությունների կատարմամբ։





























