Վստահ եմ, որ մեր աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ այստեղ քննարկված հարցերը հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ վարչարարություն և ավելի պրոֆեսիոնալ, փաստերի վրա հիմնված և ներառական որոշումներ կայացնել, որը հաշվի է առնում ինչպես մասնագետների, այնպես էլ հարկ վճարողների կարծիքները։ Այս մասին հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ Հարկային վարչարարության բարեփոխումների հանրային խորհրդի վերջին նիստի ժամանակ։
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից, նիստի օրակարգային հարցերը վերաբերել են հարկային օրենսդրության վերջին փոփոխություններին: Քննարկվել են նաև փաստաթղթաշրջանառության գործընթացում գործնականում առաջացած հարցեր: Մասնավորապես, մանրածախ առևտրի կետում ապրանքներ գնելիս, որտեղ վճարումը կատարվում է անմիջապես վաճառքի կետում և ապրանքները մատակարարվում են այլ վայրից (օրինակ՝ պահեստից), առաջանում են իրավական կարգավորումների կիրառման վերաբերյալ մի շարք հարցեր: Դրանք ներառում են ՀԴՄ կտրոնների տրամադրման, վճարային փաստաթղթերի պատրաստման և տրամադրման, ինչպես նաև դրանց որպես ուղեկցող փաստաթղթեր դիտարկման վերաբերյալ կարգավորումները: Ընդգծվել է, որ Պետական եկամուտների կոմիտեն ներկայումս վերանայում է այս հարցերը: Կոմիտեի ներկայացուցիչների խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն էլ ավելի պարզեցնել և հեշտացնել վարչարարությունը՝ միաժամանակ ապահովելով արդյունավետ վերահսկողություն:
Բացի այդ, հանդիպմանը ներկայացվել է նաև Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կողմից թվայնացման ուղղությամբ կատարված աշխատանքը։




























