Ո՞ւմ ի նկատի ունեիք սրբազաններ ասելով ձեր ելույթի մեջ. այն մարդկանց, որոնցից մեկը զինված հեղաշրջման կոչեր էր անում, այն մյուսն էլ ահաբեկչական շարժում էր ղեկավարո՞ւմ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ելույթին։
Պալյանը շարունակեց. «Այդ մարդկանց սրբազան ասել մեղք է, խորհուրդ եմ տալիս այլ բառեր ընտրել։
Այսօր այս բարձր ամբիոնից ուզում եմ խոսել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրերս կատարած մի խայտառակ հայտարարության մասին, որը, մեղմ ասած, առաջացրել է քաղաքացիների զայրույթն ու զզվանքը, բայց մինչ այդ ուզում եմ հիշեցնել, ինչպես բոլոր հնարավոր առիթների դեպքում եմ հիշեցնում, որ տվյալ անձը չի ընտրվել Գյումրու համայնքապետ, չի ստացել քաղաքացիների ձայների մեծամասնությունը, վերջինիս այդ պաշտոնին կարգել է, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Իսկ հիմա ևս մեկ անգամ հիշենք, թե ինչ է ասում Գյումրու համայնքապետ կարգված Վարդան Ղուկասյանը, նույն ինքը Վարդանիկը։
«Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում, Հայաստանն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ միություն չկազմի։ Եթե դրա համար որևիցե մեկը ինձ վատ բան կասի, ուրեմն ես իրեն կասեմ՝ թրքահպատակ շան տղա»։ Նման միտք է արտահայտում մի մարդ, ով տարիներ շարունակ այս կամ այն մարդու մոտ հպատակ է աշխատել։
Գործընկերներից մեծամասնությունը այս ամբիոնից հարց հնչեցրեց ընդհանուր ընդդիմությանը, բայց ես ուզում եմ անձամբ Մարտուն Գրիգորյանին հարցնել՝ արդյոք վերջինս համակարծի՞ք է այն մարդու հնչեցրած մտքերի հետ, որի մասին ես խոսում եմ։
Իմիջիայլոց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այս հարցի պատասխանը ոչ միայն ես եմ ուզում իմանալ Մարտուն Գրիգորյանից, այլ գյումրեցիների մեծամասնությունը, որովհետև ինքն ուղիղ պատասխանատվություն է կրում Վարդան Ղուկասյանի կատարած յուրաքանչյուր հայտարարության, յուրաքանչյուր աշխատանքի համար։
Պարոն Ղուկասյան, դուք, ձեր քաղաքական հայրերը շատ կերազեիք, որ Հայաստանն իրենից իրականում բան չներկայացներ։ Ասեմ ավելին, տարիներ շարունակ դուք և ձեր քաղաքական հայրերը արել եք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանն իրականում իրենից բան չներկայացնի, բայց 2018 թվականից ի վեր մեր երկրում վարվում է բացառապես այնպիսի քաղաքականություն, որը աշխարհում բարձրացնում է Հայաստանի դերն ու նշանակությունը»,–ասաց պատգամավորը։
Իր խոսքի վերջում նա լավ լուր հայտնեց. «Այսօրվանից Գյումրու Շիրակ օդանավակայանից ուղիղ չվերթներ են իրականացվում դեպի Կիպրոս և հակառակ ուղղությամբ, որը կարևոր և նշանակալի իրադարձություն է»։



























