Որքանո՞վ է իրատեսական փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ես ուղիղ ասում եմ, որ իրատեսական չեմ համարում դա։ Ավելին, ես կարևոր եմ համարում այդ մասին մարդկանց ազնվորեն ասելը, որովհետև նրանք պետք է կառուցեն իրենց պլանները։ Այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում սեպտեմբերի 30-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր ելույթից հետո տրված հարցերին։

«Ընդհանուր առմամբ, ես բոլոր փախստականների վերադարձի հարցը վտանգավոր եմ համարում խաղաղության գործընթացի համար», - նշել է նա՝ հավելելով, որ ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է որպես մարդասիրական խնդիր և վերաճել է երկարատև հակամարտության։

Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա և կոչ է արել կենտրոնանալ այս բանաձևի վրա։

«Այս բանաձևը հաջորդ տասնամյակների ընթացքում իրականացնելու համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միմյանց հանգիստ թողնեն, կենտրոնանան տնտեսական համագործակցության վրա և աստիճանաբար երկխոսություն կառուցեն», - ընդգծել է նա՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղից փախած հայերին ընդունել Հայաստանի քաղաքացիությունը և հաստատվել Հայաստանում։